16 հոկտեմբերի 2020 - 13:39 AMT
Գուտերեշը ՀՀ ԱԳ նախարարի հետ զրույցում կարևորել է բանակցությունների վերսկսումը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ և ընդգծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:

Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի գործողություններն առավել ընդգծում են Արցախի ժողովորդի գոյութենական վտանգը և հրամայական դարձնում այն չեզոքացնելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն ջանքերի ձեռնարկումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իր պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրականացման միջոցով:

ՀՀ ԱԳ նախարարը՝ ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, առանձնահատուկ կարևորել է ՄԱԿ-ի և իր համապատասխան մարմինների կողմից հումանիտար աջակցության հասանելիության անհապաղ ապահովումը տեղում՝ մեղմելու Արցախի քաղաքացիական բնակչության տառապանքները և հասցեագրելու նրանց առաջնահերթ կարիքները։

Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով ձեռք բերված համաձայնությունը և շարունակաբար թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ պատճառելով մարդկային կորուստներ:

Մնացականյանը մտահոգություն է հայտնել նաև Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման համար՝ խոսելով Թուրքիայի ներգրավվածության մասին։

Նախարարն ընդգծել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական սարդիչ գործողությունների անթույլատրելիությունը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։