16 հոկտեմբերի 2020 - 15:57 AMT
ՊՆ-ն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին․ Հասցեական անդրադառնալ հրադադարից խուսափող կողմին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմից և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարությն խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ՊՆ-ն կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈւ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվում է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։