17 հոկտեմբերի 2020 - 09:59 AMT
ՀՀ-ն զինվորականների է գործուղել Մոսկվա հրադադարի մեխանիզմի քննարկման. Բաքուն հրաժարվել է

Հայաստանը, ՌԴ նախաձեռնությամբ, զինվորականների է գործուղել Մոսկվա Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպման համար, որի ընթացքում պետք է քննարկվեր ԼՂ-ում հրադադարի պահպանման վերահսկման մեխանիզմը, սակայն Բաքուն հրաժարվել է։ Այդ մասին ՏԱՍՍ-ին է հայտնել ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Երևանը դրական է արձագանքել ՌԴ նախաձեռնությանը և Մոսկվա է գործուղել ՊՆ ներկայացուցիչներին ադրբեջանական կողմի հետ հանդիպման համար՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի համաձայնեցման նպատակով։ Սակայն, մեր տվյալներով, Բաքուն իր ներկայացուցիչներին չի ուղարկել հանդիպման։ Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունից և մերժում ՌԴ նախաձեռնությունը»,-ասել է նա։

Ըստ Գևորգյանի, «Երևանում ենթադրում են, որ Թուրքիան թույլ չի տալիս Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչներին մեկնել Մոսկվա»։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվում է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։