17 հոկտեմբերի 2020 - 11:18 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի հերթական ռեկորդն է՝ 1540. Եվս 11 մահ կա

Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 63,000-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1540-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է ՀՀ-ում համավարակի բռնկումից ի վեր։

Մահվան ևս 11 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1067 դեպք կա, այլ պատճառով՝ 314։

Ապաքինվել է ևս 384 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 47,925 է, փաստացի բուժվողներինը՝ 13,694։

Մեկ օրում թեստավորվել է 3937 մարդ։ Ընդհանուր առմամբ, 344,053 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։