17 հոկտեմբերի 2020 - 15:12 AMT
ԱԱԾ․ Ադրբեջանը ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ է տեղափոխում իր տարածք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոնկրետ տվյալներ ունի, որ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելով։

ԱԱԾ-ից հայտնում են, որ Բաքվի օդանավակայանից, ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» և «ԻԼ-76» ինքնաթիռներով տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ և հետադարձ ուղղությամբ չվերթեր են կատարվում։

Հոկտեմբերի 16-ին Բաքվից դեպի Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան չվերթ է իրականացվել, հոկտեմբերի 17-ին իրականացվել է Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան-Պակիստանի Լաշկառ գահի օդանավակայան-Բաքու չվերթը:

Նույն երթուղին նախատեսված է նաև հոկտեմբերի 18-ին, նմանատիպ չվերթեր են կատարվելու նաև հոկտեմբերի 19-ից հետո:

Ընդ որում, նշված չվերթերի մի մասը միջազգային չվացուցակների համակարգում բացակայում են, և որոշ օդանավակայաններ չունեն միջազգային դասակարգում:

Ըստ ԱԱԾ-ի՝ տվյալները փաստում են, որ թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքն այս գործողություններով փորձում է ընդլայնել ահաբեկիչներ և զինամթերք ներգրավելու աշխարհագրությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։