17 հոկտեմբերի 2020 - 18:24 AMT
ՀՀ տարածքում հակառակորդի 3 ԱԹՍ է խոցվել, Արցախում՝ ևս մեկը

ՀՕՊ ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ին՝ ժամը 16:30-ից 17:45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի 3, Արցախում ՝ մեկ ԱԹՍ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ՝ կեսգիշերն անց, ՊՆ-ն հայտնել էր, որ ՀՀ տարածքում հակաօդային պաշտպանական համակարգերն արձանագրել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ։

Թռիչքների ժամանակ նաև հարվածներ էին հասցվել տեղում ՀՀ ԶՈւ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Հոկտեմբերի 1-ին հակառակորդի 4 անօդաչու աթչող սարք է հայտնվել ՀՀ Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում: հոկտեմբերի 14-ին Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից 14-ամյա երեխա էր տուժել:

Նույն օրն ադրբեջանական զինուժը թիրախավորել էր Հայաստանի տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։