19 հոկտեմբերի 2020 - 10:22 AMT
Թրամփ․ Նախանձում եմ հայերի ոգուն, լավ մարդիկ են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նևադա նահանգի Քարսոն Սիթի քաղաքում հանրահավաքի ժամանակ խոսել է հայերի մասին՝ նշելով, որ նախանձում է հայերի ոգուն։

«Հայերը լավ մարդիկ են, նաև հիանալի գործարարներ: Նրանք սիրում են իրենց երկիրը։ Ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա՝ իրենց գեղեցիկ դրոշներով: Նախանձում եմ հայերի ոգուն, հայերը հզոր ոգի ունեն և շատ նվիրված են իրենց երկրին: Աշխատում ենք որոշ ուղղություններով»,- ասել է Թրամփը հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին:

Թրամփի երթևկության ճանապարհին հազարավոր ամերիկահայեր էին հավաքվել։ Նրանք հայկական դրոշներ էին պարզել և ԼՂ հակամարտությանն ուշադրություն դարձնելու կոչով պաստառներ։

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։