ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ի պատասխան ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ հարցման, հոկտեմբերի 19-ին քննարկելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
Փակ խորհրդակցությունները կմեկնարկեն Նյու Յորքի ժամանակով 15։00-ին (Երևանի ժամանակով 23։00-ին):
Քննարկումը կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։
Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ ԱԽ-ն փակ խորհրդակցությունների ձևաչափով քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ԱԽ 5 եվրոպական երկրի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի և Բելգիայի նախաձեռնությամբ։
Հանդիպման ավարտին ԱԽ անդամները կոչ էին արել ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ կառուցողական բանակցությունների։
Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։