19 հոկտեմբերի 2020 - 13:14 AMT
Արցախցի կանայք Երևանում ՄԱԿ-ի շենքի դիմաց պահանջում են Ստեփանակերտ այցելել

Արցախցի կանայք հոկտեմբերի 19-ին ՄԱԿ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, նրանք ՄԱԿ հայաստանյան գրասենյակի աշխատակիցներից ու ներկայացուցչից պահանջում են Լեռնային Ղարաբաղի հարցով առարկայական դիրքորոշում արտահայտել և այցելել Ստեփանակերտ, տեղում ծանոթանալ իրավիճակին։

Խաղաղ ցույցի ընթացում ՄԱԿ գրասենյակից հավաքված մի քանի կանանց հրավիրել են զրույցի ու հայտնել, որ կարող են իրենց պահանջները ՄԱԿ հայաստանյան ներկայացուցիչներին ներկայացնել հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ին։

Ակցիայի մասնակից Լիանա Ադամյանը նշել է, որ կարճ հանդիպմանն իրենք պահանջել են միջազգային կառույցի ներկայացուցչի հետ գնալ Արցախ, տեղում ծանոթանալ իրավիճակին։

Կանայք հայտնել են, որ չեն պատրաստվում հետ գնալ, շարունակելու են ՄԱԿ գրասենյակի դիմաց սպասել հանդիպմանը։

«Իրենց բախտը բերել է․ մեզ ահաբեկիչներն են շրջափակում, իսկ իրենց՝ խաղաղ բնակիչներ։ Չենք թողի տուն գնան։ Մտնում ես ՄԱԿ-ի կոնվենցիաները, կայուն զարգացման դրույթները կարդում ես, կարծես թե իրենք հատուկ դա խախտում են»,- ասել է ակցիայի մասնակից Սիրանույշ Սարգսյանը։

Արցախցի կանանցից բացի՝ ՄԱԿ գրասենյակի դիմաց են նաև այնտեղ Երևանի կենտրոնից քայլերթով շարժված քաղաքացիները։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ի պատասխան ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ հարցման հոկտեմբերի 19-ին քննարկելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Փակ խորհրդակցությունները կմեկնարկեն Նյու Յորքի ժամանակով 15։00-ին (Երևանի ժամանակով 23։00-ին):

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։