19 հոկտեմբերի 2020 - 13:17 AMT
ՀՀ նախագահը՝ «Կոմերսանտին»․ Հայերի համար հաղթել նշանակում է՝ պահպանել տունը

Հայկական կողմի համար հաղթանակը ԼՂ հակամարտությունում նշանակում է պահպանել տունը, Ադրբեջանի համար՝ Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկել։ Այդ մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է «Կոմերսանտին» հարցազրույցում։

«Այդ իսկ պատճառով փոքր Ղարաբաղը հաղթեց առաջին պատերազմում։ Մարդիկ քիչ զենք ունեին, փոքրաթիվ էին, սակայն հաղթեցին։ Ուստի, կարծում եմ, որ այս դժվարին պատերազմում Ղարաբաղն ամեն դեպքում կհաղթի՝ մարդիկ կրկին պաշտպանում են իրենց տունը»,- ասել է նա։

Հարցին, թե որ դեպքում ՀՀ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը՝ Սարգսյանն ասել է, որ ՀՀ կողմից Արցախի անկախությունը չճանաչելը կապված է միայն այն բանի հետ, որ հայկական կողմը ցանկանում է հարցը լուծել խաղաղ ճանապարհով։

«Սա նման է թունելի, և եթե դրա վերջում կա լույս՝ ԼՂ խնդրի վերջնական խաղաղ կարգավորման լույսը, ապա կարելի է մի փոքր էլ սպասել։ Իսկ եթե լույս չկա (այսինքն, եթե պարզ լինի, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ոչ մի դեպքում չի գնա բանակցությունների), ապա, բնականաբար, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը»,- ասել է նա։

Նախագահն ասել է նաև, որ Ղարաբաղյան խնդրի լուծման գործում խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա:

«Ենթադրենք՝ նույնիսկ եթե Ադրբեջանին հաջողվի պատերազմի ինչ-որ պահին հաջողություն ունենալ կամ տարածքներ գրավել, միևնույն է, այդքանով այս ամենը չի ավարտվի»,- ասել է նա:

Անդրադառնալով Թուրքիայի դերին՝ Սարգսյանն ասել է․ «Թուրքիան չի կարող միջնորդ լինել, նա բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին։ Ակնհայտ է, որ խոսքը միայն Ղարաբաղի մասին չէ: Թուրքիան այնտեղ է, քանի որ ցանկանում է կառավարել դեպի Եվրոպա ձգվող նավթատարներն ու գազատարները: Սա նշանակում է, որ Թուրքիան հսկայական ազդեցություն կունենա Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա: Որքան հակամարտությունը երկար ձգվի, այնքան խորը կլինի Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում: Եվ դա կփոխի ամբողջ տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը: Թուրքիան կդառնա Ռուսաստանի հարևանը, որի հետ, ըստ էության, կունենա ցամաքային սահման:

Թուրքիան գրավում է Իրաքի մի մասը, իսկ ու՞ր մնաց Իրաքի տարածքային ամբողջականությունը: Թուրքիան գրավում է Սիրիայի մի մասը, իսկ ի՞նչ կասեք Սիրիայի տարածքային ամբողջականության մասին: Թուրքիան մեծ ակտիվություն է ցուցաբերում Հունաստանին պատկանող Միջերկրական ծովի հատվածում նավթահորերի շահագործման գործում: Նույնն անում է Կիպրոսում: Թուրքիան, ըստ էության, գրավեց Կիպրոսի կեսը: Ոչ ոք այն չճանաչեց: Երբ նրանք խոսում են չճանաչված ԼՂՀ մասին, իսկ ի՞նչ կասեն Կիպրոսի թուրքական մասի մասին, այն ճանաչվա՞ծ է: Ինչու՞ է այնտեղ գտնվում թուրքական բանակը: Այնպես որ, ասել, որ սա զուտ ղարաբաղյան հակամարտություն է՝ իրական խնդրի պարզունակեցում է»:

Սարգսյանը ևս մեկ անգամ հավելել է, որ կա խնդրի լուծման միայն մեկ ճանապարհ՝ ՄԽ-ի և բանակցությունների միջոցով:

«Հրադադարին հասնելու, իսկ հետո կողմերի միջև վստահությունը մեծացնելու համար (ապա, թերևս, նրանց միջև խաղաղապահներ կանգնեցնելու, օրինակ՝ ռուսական), պետք է արվի մեկ բան՝ բացառել Թուրքիային այս պատկերից: Նրա ներկայությունը բարդացնում և արմատապես փոխում է ամբողջ հակամարտությունը: Եթե Թուրքիան դուրս բերվի, ապա հակամարտությունը դառնում է հենց ղարաբաղյան՝ ԼՂ և Ադրբեջանի միջև: Բայց Թուրքիայի ներկայությունն արմատապես փոխում է ամեն ինչ»,- ասել է նախագահը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։