19 հոկտեմբերի 2020 - 13:50 AMT
Գնդապետներ Գևորգյանի, Երյոմինի և շարքային Առաքելյանի շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հերոսական նոր դրվագ է հրապարակել։

Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։

Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։

Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել։

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։