19 հոկտեմբերի 2020 - 15:47 AMT
ՊՆ․ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին հակառակորդի լուրը սուտ է

Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է։ Այդ մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Իսկ ստերն անգամ մեկնաբանության կարիք չունեն»,- գրել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, թե իբր ՀՀ ԶՈւ-ն փորձել է հրթիռակոծել նավթամուղը, հրթիռը ոչնչացվել է Բաքվի ՀՕՊ համակարգի միջոցով, իսկ բեկորներն ընկել են նավթամուղի հարևանությամբ։

Բաքու- Նովոռոսիյսկ նավթամուղը կասպյան նավթը կոչված է տեղափոխելու ՌԴ սևծովյան տարածաշրջան։Նավթամուղի երկարությունը 1330 կմ է, որից 231-ն անցնում է Ադրբեջանի տարածքով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։