19 հոկտեմբերի 2020 - 15:51 AMT
Բաբլոյան․ Թույլ տվեք բժիշկներին կենտրոնանալ վիրավորների վրա՝ պահեք հակահամաճարակային կանոնները

«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն, ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանը ռազմական ու բժշկական ճակատներն ամուր պահելու կոչ է արել: Նա հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝ թույլ տալով բժիշկներին կենտրոնանալ վիրավորների վրա։

«Արաբկիր» բժշկական համալիրում են բուժվում կորոնավիրուսի ախտորոշմամբ երեխաները։

«Այս օրերին, երբ մեր զինվորներն իրենց կյանքն են զոհաբերում՝ հանուն հայրենի հողի և մեր լինելիության, մենք պարզապես իրավունք չունենք թուլացնել մեր երկրորդ կարևոր ճակատը՝ առողջապահականը: Խնդրում եմ, թույլ տվեք ասել նաև՝ պահանջում եմ, խստորեն պահպանեք հակահամաճարակային կանոնները, գնահատեք Ձեր պատասխանատվության աստիճանն այս հարցում՝ ընդունելով, որ վիրավորներով գերծանրաբեռնված բժշկական կենտրոններում մեկ մահճակալ, մեկ թթվածնային սարք զբաղեցնելն այս օրերին ոչ միայն անցանկալի, այլև պարզապես անթույլատրելի է: Թույլ տվեք բժիշկներին կենտրոնանալ առավելապես մեր քաջարի զավակների կյանքերը փրկելու, նրանց առողջությունը վերականգնելու անգնահատելի գործին:

Կրկնում եմ, զգացեք յուրաքանչյուրիդ պատասխանատվությունը՝ կորոնավիրուսային չարաբաստիկ վարակի տարածումը կանխարգելելու գործում, պահեք սոցիալական հեռավորություն, կրեք դիմակ, հաճախակի ախտահանեք ձեռքերը և պահանջեք նույնը ձեր կողքիններից»,- ասվում է կոչում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 65,460-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1091 դեպք կա, այլ պատճառով՝ 316։ Փաստացի բուժվում է 15,845 մարդ։