19 հոկտեմբերի 2020 - 16:40 AMT
Լավրով. Հուսամ՝ ԼՂ-ում հրադադարի վերահսկման մեխանիզմը շուտով կհամաձայնեցվի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջիկայում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմը կարող է համաձայնեցվել։

«Որպեսզի հրադադարը սկսի գործել, մենք արդեն համոզվել ենք դրանում 2 ընդունած փաստաթղթերից հետո, որոնք թույլ չտվեցին արմատապես փոխել իրավիճակը տեղում, հարկավոր է ստեղծել հրադադարի պահպանման մեխանիզմ։ Հուսով եմ՝ մոտ ապագայում այն կհամաձայնեցվի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հաև հավելել է, որ հարկավոր է դադարեցնել առճակատման հռետորաբանությունն ու դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում։

«Վստահ ենք, որ հիմա ամենակարևորը, և դա, հավանաբար, մեծ ջանքեր չի պահանջում, կողմերի միջև, ինչպես նաև պատասխանատու միջազգային դերակատարների կողմից, առճակատման հռետորաբանության կասեցումն է։ Դա ինչ-որ մեծ ջանքեր չի պահանջում։ Հաջորդ միանգամայն անհրաժեշտ քայլը, և այն պետք է ձեռնարկվի հռետորաբանության մեղմացմանը զուգահեռ, դա մարտական գործողությունների դադարեցումն է, քաղաքացիական օբեյեկտներին հարվածների կասեցումը։ Սա, անշուշտ, այն նույն պահանջն է, որ կա ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ։ Այն կա նաև մոսկովյան փաստաթղթում, որի շուրջ համաձայնության են եկել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 10-ին։ Դա հաստատվում է նաև հոկտեմբերի 18-ին ընդունված փաստաթղթով»,- ասել է նա։

Լավրովը հայտարարել է նաև, որ հարկավոր է էականորեն արագացնել հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը։

«Մենք պետք է դրդենք կողմերին համաձայնեցնել առանցքային դրույթները, որոնք թույլ կտան կայունացնել իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։