19 հոկտեմբերի 2020 - 17:02 AMT
ԵԽ․ ՀՀ-ն ու Ադրբեջանը պարտավորվել են ԼՂ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով

Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են Եվրախորհրդի առջև՝ հետևել մարդու իրավունքների պաշտպանությանն իրենց երկրներում, ինչպես նաև խաղաղ ճանապարհով կարգավորել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են: Երկու երկիրն էլ պարտավորվել են լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Եվ երկու երկիրն էլ պարտավոր են պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Այս ոլորտում մարդու իրավունքների հարգումը կենսական և իրավական պարտավորություն է», - ասել է նա:

ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ հակամարտությունների և տարածքային վեճերի լուծումն իր կազմակերպության իրավասությունների մեջ չէ՝ ընդգծելով նաև, որ իր մանդատի առաջնահերթություններից է համարում վիճահարույց տարածքներում մարդու իրավունքների պահպանման խնդրի կարգավորումը:

ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Դանիել Հոլթգենն իր հերթին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պահպանեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և վերադառնան բանակցային գործընթացին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։