19 հոկտեմբերի 2020 - 17:03 AMT
Մնացականյանն Էստոնիայի ԱԳ նախարարին մտահոգություն է հայտնել Թուրքիայի ներգրավվածության մասով

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ հեռախոսազրույցում իր խորը մտահոգությունն է հայտնել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին Թուրքիայի բացասական ներգրավվածության առնչությամբ` ընդգծելով, որ վերջինիս ապակայունացնող գործելաոճն աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։

Նախարար Մնացականյանն իր էստոնացի գործընկերոջն իրազեկել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք արտահայտվում են խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, սեփական հսկողության տակ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքով և դաժան սպանություններով, մշակութային, կրոնական և պատմական կոթողների շարունակական և դիտավորյալ հրթիռակոծմամբ։

Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքները կրակի դադարեցման ուղղությամբ՝ Մնացականյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման՝ ՌԴ և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված համապատասխանաբար հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների բացահայտ չկատարումը։

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը կայուն և կրակի դադարեցման վերիֆիկացվող ռեժիմի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ։

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։