19 հոկտեմբերի 2020 - 18:47 AMT
Բրիտանացի լրագրողը` Բաքու այցից հետո. VPN-ով սոցցանցեր, ապատեղեկատվություն, Թուրքիայի պաշտամունք

Բրիտանական Sunday Times պարբերականի լրագրող Լուիս Քելահանը նախորդ շաբաթ [հոկտեմբերի 11-17-խմբ.] այցելել է Բաքու և թվիթերյան իր էջում պատմել պատերազմական Ադրբեջանից իր տպավորությունների մասին:

Լրագրողի խոսքով՝ իր հետ զրուցած բոլոր մարդիկ, անգամ ներկայիս կառավարության երդվյալ ընդդիմախոսները, ամբողջ սրտով կող են արտահայտվում հակամարտությունում Ադրբեջանի դերակատարությանը:

«Մյուս կողմի հանդեպ ատելությունը և հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվությունը լայն տարածում ունեն: Առանց VPN-ի անհնար է օգտվել սոցցանցերից: Լայն տարածում ունի կառավարության նարատիվը, մնացած ամեն ինչ հերքվում է որպես կեղծ տեղեկություն»,- գրում է նա:

Քելահանի խոսքով՝ Թուրքիայի դերին զանգվածային աջակցություն և այդ երկրի հանդեպ գրեթե պաշտապմունք կա: Բազմաթիվ մարդիկ պատմել են, որ Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում նվազում է, և թուրքերը ներգրավվել են տարածաշրջանում: Շատերը հղում են արել պանթյուրքական կապերին և Ռուսաստանին մեղադրել անցյալում իրենց անջատ պահելու փորձերի համար:

Լրագրողը պատմում է, որ այցելել է Բաքվից դուրս ոչ այնքան լավ կենցաղային պայմաններում ապրող, նախկինում Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակված ընտանիքի, և չի տեսել Բաքվում առկա այն նավթային հարստության հետքերը:

«Դեռ շատ մշուշոտ է , թե ինչ կպատահի Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի հետ, եթե ԼՂ-ն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում է, որ նրանք կարող են շարունակել ապրել այնտեղ, եթե անզեն լինեն: Բայց երկկողմ ատելության այս պայմաններում, ըստ վերլուծաբանների, դա անիրատեսական է թվում»,- եզրակացրել է լրագրողը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։