19 հոկտեմբերի 2020 - 22:26 AMT
Հովհաննիսյան․ Մարտերի ուժգնությունը որոշակի թուլացել է, հյուսիսում հետ են շպրտվել

Հոկտեմբերի 19-ի դրությամբ՝ Արցախի հյուսիսում մեկ-երկու գրոհից հետո հակառակորդը հետ է շպրտվել, հարավում մարտերը շարունակվում են, դիրքային փոփոխություններ ու զորաշարժեր գրեթե չեն եղել, մարտերի ուժգնությունը որոշակի թուլացել է, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ մարտական գործողությունների գոտուց զոհերի մարմինների դուրսբերման համար կարևոր է միջազգային դիտորդների ներկայությունը․ այդ մարմինները միջդիրքային տարածքներում են, կրակի տակ հայտնվելու վտանգ կա։

Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հորդորել է նաև ներդրում ունենալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին՝ աջակցելու համար ՀՀ-ին ու Արցախին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):