20 հոկտեմբերի 2020 - 11:59 AMT
Շուշիում վիրավորված ռուս լրագրողը բուժումը կշարունակի Երևանում՝ վստահում է բժիշկներին

Շուշիում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը դեռևս պատրաստ չէ Երևանից Մոսկվա տեղափոխման։ Նա անհրաժեշտ է համարում ավարտել բուժումը և վերականգնողական միջոցառումները տեղում։

«Երևանում շրջապատված եմ բարձր որակավորում ունեցող մասնագետներով և վստահում եմ նրանց»,- ասել է Կոտենոկը, գրում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հայտնել էր, որ Կոտենոկի տեղափոխումը Երևանից Մոսկվա նախատեսված է հոկտեմբերի 22-ին։

«Սեգոդնյա․ռու»,-ի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկին առավելապես անհանգստացնում է ոտքի վերքը։

Ավելի վաղ Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վրա Ադրբեջանի ԶՈւ երկրորդ հարվածի ժամանակ ծանր վիրավորված ռուս լրագրողը պատմել էր հարվածի պահի մասին` նշելով, որ նման դաժանություն չի տեսել անգամ Չեչնիայում։

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել էր եկեղեցուն՝ պատճառելով ավերածություններ։ Երկրորդ հարվածի ժամանակ վիրավորվել էր ներսում գտնվող 3 լրագրող։