20 հոկտեմբերի 2020 - 20:36 AMT
Չոմսկի և մտավորականներ․ Ադրբեջանը մաքրում է պատմականորեն հայերին պատկանող Արցախն էթնիկ հայությունից

Աշխարհի մի շարք հայտնի մտավորականներ և գիտնականներ բաց նամակ են գրել՝ կրակի դադարեցման և խաղաղության հաստատման կոչ անելով, որպեսզի այդպիսով վերջ տրվի սեպտեմբերի 27-ից Արցախում կատարվող արյունահեղությանը, մարդկային և մշակութային կոտորածին։

Նամակը, որը հրապարավել է Los Angeles Review of Books-ում, ստորագրել են լեզվաբան, փիլիսոփա, պատմաբան, քարոզչության մասնագետ Նոամ Չոմսկին, հնդիկ գիտնական, գրականության տեսաբան Գայաթրի Չակրավորթի Սպիվակը, գրողներ Թարիք Ալին և Վիգեն Բերբերյանը, հոգեբան, վերլուծաբան Ջուդիթ Հերմանը, փիլիսոփաներ Քորնել Վեսթը և Սեյլա Բենհաբիբը։

Խումբը կոչ է անում պնդել հրադադարի խիստ պահպանման և հայերի փոքրամասնության ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցերում։

Նշվում է, որ այս զանգվածային ոչնչացումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծավալապաշտական և բռնակցային տարածքային քաղաքականության մասն է՝ տարածաշրջանում օսմանատիպ ուժը վերականգնելու նպատակով։

Ըստ մտավորականների՝ կոմպրոմիսն ավելի մոտ կլիներ, եթե Ադրբեջանն ունենար ավելի բաց կառավարման համակարգ, քան Թուրքիայինն է, ներքին զսպման և հակակշռող լծակներով։

«Այս պահին մենք հասկանում ենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը մաքրում է պատմականորեն հայկական Արցախն այնտեղ ապրող էթնիկ հայությունից»,- ասվում է նամակում։

Նամակում բարձրաձայնվում է նաև Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանների, ինչպես նաև առաջնագիծ մղվող՝ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին։

Ստորագրյալները մատնանշում են, որ Ադրբեջանը թիրախավորում է նաև հնագիտական վայրեր, օրինակ՝ հայկական հնագույն Տիգրանակերտ քաղաքը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Կարդացեք նաև՝ Չոմսկի․ Էրդողանն ուզում է Օսմանյան խալիֆայություն ստեղծել