21 հոկտեմբերի 2020 - 11:46 AMT
Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ում կրակի դադարեցման պայմանի իրականացումը

Հոկտեմբերի 21-ին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի նախագահի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը»,- նշեց նա։

Ավելի վաղ Լավրովը հույս էր հայտնել, որ ԼՂ-ում հրադադարի վերահսկման մեխանիզմը շուտով կհամաձայնեցվի։

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ հանդիպմանը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը չէր պահպանվել՝ հակառակորդը րոպեներ անց խախտել էր այն: Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել էին մարդասիրական զինադադարի մասին, որը ևս ադրբեջանական կողմը խախտել էր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։