Չեխիայի հայերն ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել խորհրդարան։ Այդ մասին տեղեկացրել է Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչ Հակոբ Ավետիսյանը, տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժինը։
«Կազմակերպեցինք օնլայն ստորագրահավաք, որը 3 օրում հավաքեց մոտ 3000 ստորագրություն։ Այնուհետև կազմակերպվեց ստորագրահավաք հենց թղթի վրա, որպեսզի ուղարկվի չեխական խորհրադարան, որպեսզի անցնի քննարկման և մենք հույս ունենանք, որ Չեխիան վերջապես իր ձայնը, իր խոսքը կհայտնի օբյեկտիվորեն այն մասին, թե ինչպիսի ագրեսիայի է ենթարկվում արցախյան բնակչությունը և տեղի հայ ժողովուրդը», – ասաց Ավետիսյանը։
Հայկական համայնքի ներկայացուցչի խոսքով՝ Չեխիայում դրական են արձագանքում իրենց նախաձեռնություններին և հիմնականում հակված են հավատալ հայերին։ Ըստ նրա՝ եղել են նաև չեխեր, որոնք գտնվել են Արցախում և այնտեղից ինֆորմացիա են տրամադրել իրավիճակի մասին։
Չեխիայի հայկական համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին՝ կազմակերպելով ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։