21 հոկտեմբերի 2020 - 14:57 AMT
Կանադայի հայերը Թրյուդոյին Արցախի անկախությունը ճանաչելու կոչ են արել

Կանադայի հայկական համայնքը նամակով դիմել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և կառավարությանը՝ կոչով անելով դատապարտել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան, ճանաչել Արցախը, մարդասիրական լուրջ օգնություն ցույց տալ արցախցիներին։

Նրանք առավել տագնապային են համարել, որ Ադրբեջանը՝ ոգեշնչված միջազգային հանրության լռությամբ, շարունակում է նպատակային հարվածներ հասցնել քաղաքացիական բնակչությանը, չի վարանում համալրվել Թուրքիայի կողմից մատակարարված օտարերկրյա ջիհադիստների վարձկաններով։

Ողջունելով մինչ օրս Օտտավայի ձեռնարկած բոլոր համարձակ քայլերը՝ հայ-կանադական համայնքի անունից նրանք Կանադայի կառավարությանը կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը, հաստատել Արցախի ժողովրդի ինքնորոշման և ազատ կյանքի անքակտելի իրավունքները, ճանաչել, որ Ադրբեջանը երբեք չի կարողանա հավակնել Արցախի բնակչությանը և տարածքին, պատշաճ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիային, շարունակաբար աջակցել Թուրքիա զենքի արտահանման դադարեցմանը, լուրջ մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի խաղաղ բնակչությանը, առաջատար դեր խաղալ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու հարցում։

Ըստ կանադահայերի՝ միջազգային հանրությունն այժմ պետք է վերահաստատի ակնհայտ ճշմարտությունը՝ տարածքային ամբողջականության վերաբերյալ որևէ պահանջ չի կարող առաջադրվել ռմբակոծելով բնիկ բնակչությանը, որը ժողովրդավարական և ոչ երկիմաստ կերպով արտահայտել է իր ինքնորոշման և անկախության կամքը: Կանադան, որը հայտնի է մարդու իրավունքներին իր պատմական եւ խորը նվիրվածությամբ, կարող է առաջնորդել այս ջանքերը:

«Կանադան պետք է գործի հիմա, քանի դեռ շատ ուշ չէ»,- ասվում է նամակում:

Հենց հայկական համայնքի բարձրացրած ճնշման և աղմուկի տակ է Կանադան էմբարգո դրել Թուրքիայի ռազմական արտադրանք արտահանելու վրա։ Թուրքական Bayraktar անօդաչուներում ներառված կանադական արտադրության տեխնոլոգիաները կիրառվում են Արցախի հայերի դեմ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։