21 հոկտեմբերի 2020 - 13:40 AMT
Խոսնակ․ Փաշինյան-Ալիև հանդիպում նշանակված չէ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է ՌԴ մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ «հանդիպելու ցանկությունը»։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրեց, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում, առավել ևս՝ դրա օր և վայր, նախատեսված չէ։

«Ողջունելու այդ հայտարարությունը թերևս հիմնված է զուտ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հարցազրույցներում հնչած պատասխանների հիման վրա։ Հարցազրույցում վարչապետը պատրաստակամություն է հայտնել և տեսականորեն չի բացառել, որ կարող է թե Մոսկվայում, թե այլ երկրում հանդիպում լինել, բայց այս պահին որևէ հիմք չկա խոսելու, որ կոնկրետ օր կամ կոնկրետ վայր կա հանդիպման համար»,- մասնավորապես, ասաց Գևորգյանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ գործակալությանը հարցազրույցում պատրաստակամություն էր հայտնել մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ ունենալու և բանակցելու։

Նույն գործակալության հետ զրույցում անձամբ Մոսկվա գնալու և կարգավորման ճանապարհներ գտնելու պատրաստակամություն էր հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այնուամենայնիվ, նա բազմաթիվ նախապայմաններ էր նշել՝ բանակցությունների անցնելուց առաջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։