21 հոկտեմբերի 2020 - 14:25 AMT
Արցախում մասնագետ կամավորներ են պետք՝ վարորդ, հացթուխ, դերձակ

Արցախում կարիք կա մասնագետ կամավորների, հիմնականում համեմատաբար անվտանգ հատվածներում աշխատելու համար.վարորդ, հացթուխ, դերձակ, շինարար, լրագրողների հետ աշխատող թարգմանիչ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը։

«Այս օրերին Արցախում մեր աշխատանքի մի մասն էր նաև կարիքների գնահատումը, որոշ բաներ տեղում կկարողանանք կարգավորել ու կազմակերպել ինքներս, բայց մի հարցով պետք է դիմենք բոլորիդ օգնությանը․․․ Խնդրում եմ այս գրառմանս տակ կամ անձնական նամակով գրել։ Բոլորիս ամենափոքր օգնությունն անգամ կենսական է», - ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։