21 հոկտեմբերի 2020 - 15:33 AMT
Լավրովը հրադադարի մասով անհետաձգելի հարցեր է քննարկել Մնացականյանի ու Բայրամովի հետ

Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումներն ՀՀ ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Ռւոսաստանի ԱԳՆ-ն։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մնացականյան-Բայրամով հանդիպում Մոսկվայում այս պահին օրակարգում չկա։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են անհետաձգելի հարցեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հակամարտության կայուն կարգավորման համար պայմաններ ստեղծելու հետ։

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ հանդիպմանը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը չէր պահպանվել՝ հակառակորդը րոպեներ անց խախտել էր այն: Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել էին մարդասիրական զինադադարի մասին, որը ևս ադրբեջանական կողմը խախտել էր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։