21 հոկտեմբերի 2020 - 16:34 AMT
Փաշինյան․ Ղարաբաղի հարցն այս փուլում դիվանագիտական լուծում չունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առնվազն այս փուլում դիվանագիտական լուծում Ղարաբաղի հակամարտությունը չունի, քանի որ Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլացիայից, համաձայն չէ։

«Պետք է արձանագրենք, որ այն, ինչի հետ մենք համաձայն ենք, կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ։ Սա ցույց է տալիս, որ որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում։ Ես հետագայում կխոսեմ, թե որ փուլում դա հնարավոր կլինի դարձնել», - ասել է վարչապետը՝ կոչ անելով զինվորագրվել հանուն Արցախի հայերի իրավունքների համար։

Ըստ նրա՝ բոլոր հույսերն ու առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, պետք է համարել ավարտված, որովհետև Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ։

«Ի՞նչ է նշանակում փոխզիջում. նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ես ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է նշաձողից ինչ-որ բան իջեցնի», - նշել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ հիմա այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի չէ Ադրբեջանի համար։

Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումներն ՀՀ ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։

Քննարկվել են անհետաձգելի հարցեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հակամարտության կայուն կարգավորման համար պայմաններ ստեղծելու հետ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։