21 հոկտեմբերի 2020 - 17:01 AMT
Վարչապետ․ Հումանիտար հրադադարը կապացուցի Ադրբեջանի հազարավոր զոհերը՝ նաև վարձկանների ու թուրքերի դիակներով

Հակառակորդը մարտի է նետում իր վերջին ռեզերվները և խուսափում հումանիտար հրադադարից, քանի այն կբացահայտի իր տասնյակ հազարավոր զոհերին, դիակների դուրսբերմամբ կփաստվի նաև վարձկանների ու թուրք զինվորների ներկայությունն ադրբեջանական բանակում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, նրանց ռեսուրսները շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորները աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում։ Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնում նաև այս պատճառով։ Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմինները ի վերջո հավաքվեն, խնամվեն ու պատշաճ հուղարկավորվեն։ Ադրբեջանն այս կոնտեքստում վախենում է երկու բանից, առաջինը, որ տասնյակ հազարին մոտ դիակներ, մարմիններ, որոնք իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին պիտի վերադառնան։ Երկրորդ՝ կբացահայտվեն նաև վարձկանների դիակներ, թուրքական զորքերի զինվորների դիակներ»,- հայտարարել է Փաշինյանը։

Ադրբեջանական բանակում կռվող վարձկան-ահաբեկիչների մասին հայկական կողմն ու միջազգային մամուլը խոսում են ռազմական գործողությունների հենց սկզբից։ Այդ մասին հայտարարություններ են արել նաև տարբեր երկրների պաշտոնյաներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։