21 հոկտեմբերի 2020 - 17:04 AMT
Փաշինյան․ ՏԻՄ-երը պետք է կամավորների ջոկատներ ձևավորեն՝ կռվելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց բացառության բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին կոչ է արել ձևավորել կամավորական խմբեր, որոնք կկռվեն Զինված ուժերի Գլխավոր շտաբի տրամադրության տակ։

«Այս պրոցեսը պետք է կազմակերպի և իրականացնի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը, և ես այսօր այս կոչն անում եմ առանց բացառության բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, ՏԻՄ-երին, այդ մարմինների ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերություն, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն ժողովրդի իրավունքի պաշտպանությունը», - նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ այդ ջոկատները պետք է կռվեն ԳՇ պետի տրամադրության տակ, և դրանց ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը։ Դա նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում և իրականացնեն այն խնդիրը, ինչը կառաջադրի հրամանատարությունը։

Փաշինյանը հայտնել է, որ կարիք կա ամենագնաց ավտոմեքենաների, ջիպերի, միկրոավտոբուսների։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։