21 հոկտեմբերի 2020 - 18:28 AMT
ԵԽ ղեկավարն անթույլատրելի է համարել արտաքին միջամտությոնը ԼՂ հակամարտությունում

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո կարևորել է հրադադարի ռեժիմի պահպանումը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին նա գրառաում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով նաև, որ անթույլատրելի է համարում արտաքին միջամտությոնը ԼՂ հակամարտությունում։

«Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցնել։ ՀՀ նախագահի հետ զրույցում ես վերահաստատել եմ մեր խորին մտահոգությունը շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ։ Կողմերը պետք է պահպանեն հրադադարն ու առանց որևէ նախապայմանի վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»,- գրել է Միշելը։

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։