21 հոկտեմբերի 2020 - 22:53 AMT
50Plus նոր նախագիծն ու հեռուստամարաթոնը՝ Արցախին ու ՀՀ-ին հումանիտար աջակցության համար

Հայաստանին ու Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու համար սկսվում է «Համազգային շարժում 2․0» նախագիծը, որը կոչվելու է 50Plus, նոյեմբերի 26-ին էլ կայանալու է համահայկական հեռուստամարաթոնը, հայտնել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայակակ Արշամյանը։

Ըստ նրա՝ 50Plus-ը նոր մակարդակի է բարձրացնելու Հայաստան-Սփյուռք բյուրեղացած համագործակցությունը, նպաստելու է համահայկական ռեսուրսների համախմբանը և մշտական դրամական հոսքերին՝ դեպի ՀՀ և Արցախ։

«Պատկերացրեք, որ այս շարժմանը միանա 1 մլն մարդ, յուրաքանչյուր ամիս ուղղակի հիմնադրամում կունենանք $50 մլն, իսկ տարեկան՝ $500 մլն-ից ավելի»,- ասել է նա` նշելով, որ 50 թիվը սիմվոլիկ է։

Արշամյանը հայտնել է, որ 50Plus նախագծի նպատակը յուրաքանչյուր ամիս պարբերական աջակցություն ցուցաբերելն է։

Արշամյանը հայտնել է, որ նոյեմբերին սպասվող Հեռուստամարաթոնին ընդառաջ՝ փոքր դրամահավաքներ ևս լինելու են։ Նա վստահություն է հայտնել, որ Հեռուստամարաթոնին կհավաքվի այնքան գումար, որքան մինչ այդ անցկացված հումանիտար դրամահավաքին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):