22 հոկտեմբերի 2020 - 09:45 AMT
Վարչապետի խոսնակ․ ՀՀ-ն այժմ էլ պատրաստ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը

Հայաստանը պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը՝ այս փուլում ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի հետևանքով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով վարչապետի ելույթին։

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ի իր տեսաուղերձում հայտարարել է, որ առնվազն այս փուլում դիվանագիտական լուծում Ղարաբաղի հակամարտությունը չունի, քանի որ Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլացիայից, համաձայն չէ։

«ՀՀ վարչապետն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել ԼՂ հարցի փոխզիջումային լուծման և այսօր էլ պատրաստ է: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել Մոսկվայում: Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը և բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և մասնավորապես՝ ՌԴ միջնորդական ջանքերը։ Ադրբեջանը հարցի լուծման հիմնական գործոնը համարում է ռազմական ուժը և շարունակաբար խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները: Ըստ այդմ, հայ ժողովուրդը պետք է կոնսոլիդացնի իր պաշտպանական ներուժը՝ դիվանագիտական ճակատում իր ասելիքը պաշտպանելու հնարավորություն ունենալու համար։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս, այդ թվում վերջին օրերին ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջման հիման վրա բանակցային գործընթացին, բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն անընդունելի է Ադրբեջանի համար»,-ասվում է գրառման մեջ։

Վարչապետի խոսնակը հիշեցրել է նաև վարչապետի հայտնի թեզը, ըստ որի՝ ԼՂ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։ «Նմանատիպ որեւէ հայտարարություն, այդ թվում փոխզիջման վերաբերյալ, Ալիևի կողմից չի հնչել»,-հավելել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։