22 հոկտեմբերի 2020 - 09:57 AMT
Թուրքիայի փոխնախագահ․ Եթե Բաքուն դիմի, պատրաստ ենք զորք ուղարկել Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը հայտարարել է, որ Անկարան «առանց տատանվելու» զինվորականներ կուղարկի և ռազմական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին, եթե այդպիսի հարցում լինի Բաքվի կողմից, գրում է ՌԲԿ-ն։

Նա հավելել է, որ դեռևս նման հարցում Ադրբեջանի կողմից չի ստացվել։

Օքթայն այդ հայտարարությունն արել է CNN Turk-ին տված հարցազրույցում՝ քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Անկարան նախկիում ևս բազմիցս հայտարարել է, որ սատարում է Բաքվի գործողություններին և պատրաստակամություն հայտնել օգնելու նրան՝ ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ ռազմի դաշտում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։