Երևանի կամավորականներին կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումն ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը»,- ասվում է գրառման մեջ։
Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաև այլ քաղաքապետեր և համայնքապետեր, այդ թվում միակ կին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է․ «Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից։ Կոչ եմ անում էջմիածնեցի տղամարդկանց այս պահից զինվորագրվել, կազմել կամավորական ջոկատ և միանալ Հայրենիքի պաշտպանությանը»:
Նա հավելել է, որ կամավորագրվել չի նշանակում հենց վաղը մեկնել առաջնագիծ: Մանրամասներին կարելի է տեղեկանալ՝ այցելելով քաղաքապետարան կամավորագրվելու։
ՀՀ վարչապետը հոկտեմբերի 21-ի իր տեսաուղերձում կամավորական ջոկատներ ստեղծելու և հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչ է արել:
«Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, ՀԿ-ներին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Դրանք պետք է լինեն Գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ»,- ասել է Փաշինյանը:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։