22 հոկտեմբերի 2020 - 10:35 AMT
Մարտունին և հարակից գյուղերը հրետակոծվում են

Հոկտեմբերի 22-ի առավոտից հակառակորդը հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Տուժածների ու վնասների մասով` տեղեկություններ առայժմ չկան։

Նշվում է, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։

Հոկտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։