22 հոկտեմբերի 2020 - 11:40 AMT
ԱԳՆ-ն Բաքվին կոչ է անում մեղքն ինչպես միշտ ՀՀ վրա չգցել

ՀՀ արտգործնախարարությունն արձանագրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր մանիպուլյատիվ հայտարարությամբ փորձում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում:

ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

Նշվում է, որ առաջին օրից Արցախի վրա թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Եվ դրանք հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը:

ԱԳՆ-ն փոխանցում է, որ ՀՀ-ն աջակցում է հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը, ինչպես նաև հանդես գալիս հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ խաղաղ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։