22 հոկտեմբերի 2020 - 12:08 AMT
Զատուլինը հնարավոր է համարում ՀՀ-ում ՌԴ դեսանտային գործողությունը

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը թվարկել է ԼՂ-ում իրադարձությունների զարգացմանը ՌԴ հնարավոր արձագանքի տարբերակները՝ այդ թվում հնարավոր համարելովդեսանտային գործողությունը՝ ՀՀ տարածքը պաշտպանելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դա կարող է արվել ՀՀ ռազմական ներուժի ցուցադրական հզորացման միջոցով։ Որպես դիմում ՀԱՊԿ-ին՝ դեսանտային գործողության միջոցով ՀՀ, ոչ թե ԼՂ տարածքը պաշտպանելու համար։ Օդային ապաշրջափակման եղանակով։ Եթե պահանջվի, մենք պետք է բացատրենք Վրաստանին, որ հարկ եղած դեպքում նա պետք է հանգիստ ընդունի այն փաստը, որ իր օդային տարածքով անհրաժեշտ ուժեր և միջոցներ կարող են տեղափոխվել Հայաստան։ Սա պարտադրված որոշում կլինի, քանի որ խոսքը գնում է ամբողջ Կովկասով մեկ ահաբեկիչների տարածման մասին, որոնցից կտուժեն և ՌԴ-ն, և Վրաստանը, և մյուսները։ Սպառնալիք է առաջանում մեծաթիվ հայ բնակչության համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ տարածքում։ Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Զատուլինը։

ՌԴ սենատոր Ալեքսեյ Պուշկովը, իր հերթին, հայտարարել է, որ եթե Թուրքիան զորքեր ուղարկի Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի խնդրանքով, ղարաբաղյան հակամարտությունը կուժգնանա, խաղաղ սցենարը կբացառվի, գրում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը հայտարարել է, որ Անկարան «առանց տատանվելու» զինվորականներ կուղարկի և ռազմական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին, եթե այդպիսի հարցում լինի Բաքվի կողմից։

«Թուրք զինվորականներ Ղարաբաղո՞ւմ։ Դա կհանգեցներ հակամարտության ընդլայնմանն ու միջազգայնացմանը և կբացառեր խաղաղ սցենարը։ Էլ չեմ ասում անցյալի ուրվականների վերածնվելու մասին»,- գրել է Պուշկովը Twitter-ի իր միկրոբլոգում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։