23 հոկտեմբերի 2020 - 16:36 AMT
ՌԴ-ն կարող է սահմանափակել ադրբեջանական բանջարեղենի ներմուծումը․ Վնասատուներ կան

Ռուսաստանը չի բացառում, որ հնարավոր է սահմանափակումներ կիրառվեն Ադրբեջանից ներմուծվող բուսական արտադրանքի նկատմամբ։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ պատճառը դրանց մեջ հայտնաբերվող վնասատուներն են։

Եթե Ադրբեջանը չվերանայի և չխստացնի Ռուսաստան ուղարկվող բուսական արտադրանքի վերահսկողությունը, Ռոսսելխոզնադզորը ստիպված կլինի սահմանափակումներ կիրառել։

Նշվում է, որ 2020-ին արդեն վնասատուների հայտնաբերման 76 դեպք է գրանցվել, մեծ մասը՝ լոլիկների մեջ։ Յուրաքանչյուր դեպքի համար ադրբեջանական կողմը ծանուցվել է։

Ըստ Ռոսսելխոզնադզորի՝ լոլիկներում միջատների առկայությունը կարող է վկայել, որ ներմուծվող բանջարեղենների մի մասն այլ երկրների ծագման է: Վնասատուներ են հայտնաբերվել նաև ԵԱՏՄ այլ անդամ երկրներ ներմուծվող արտադրանքում։