23 հոկտեմբերի 2020 - 19:06 AMT
ՌԴ ԱԳՆ․ Քանի դեռ հակամարտությունը ԼՂ տարածքում է, ՀԱՊԿ-ի գործարկման մասին խոսելը կոռեկտ չէ

ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, անդրադառնալով ԼՂ-ում իրավիճակին, հայտարարել է, որ քանի դեռ հակամարտությունը ԼՂ տարածքում է և չի տեղափոխվել ՀՀ տարածք, ՀԱՊԿ-ի գործարկման մասին խոսելը կոռեկտ չէ։

«Հակամարտությունը չի տեղափոխվել ՀՀ տարածք, Հայաստանից հարցում չի եղել, պաշտոնական հարցում։ ՀԱՊԿ-ն օգնում է իր անդամ պետություններին որոշակի իրավիճակներում, երբ կա ակնհայտ ագրեսիա։ Քանի դեռ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որոնք հայերն իրենք դեռ իրենց տարածքի մաս չեն ճանաչել, և, հավանաբար, այն չի էլ կարող այդպիսին ճանաչվել, կոռեկտ չէ խոսել ՀԱՊԿ պաշտպանական ներուժի գործարկման մասին»,-ասել է Պանկինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։