23 հոկտեմբերի 2020 - 20:16 AMT
Հանդիպել են Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղարը․ Քննարկել են Արցախի շուրջ իրավիճակը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Ըստ ԱԳՆ-ի՝ քննարկման առանցքում եղել է Արցախում ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ պետքարտուղարը հանդիպել էր նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։

Մնացականյանը Պոմպեոյին տեղեկացրել է Ադրբեջանի բանակի պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսևորվում են Արցախի խաղաղ բնակչության դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիականների և ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով և սպանությամբ: Պոմպեոն ամերիկյան կողմի ցավակցությունն է հայտնել զոհերի կապակցությամբ:

Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, որն արտահայտվում է անմիջական ռազմատեխնիկական աջակցությամբ՝ վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի և միջազգային ահաբեկչության դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար:

Ըստ Մնացականյանի՝ Ադրբեջանի կողմից հրադադարի վերաբերյալ համաձայնությունների խախտումը և Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը ևս մեկ անգամ ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը:

ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ։

Պաշտոնյաները վերահաստատել են ԼՂ գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ է մեկնել հոկտեմբերի 22-ին ռազմակավարական երկխոսության շրջանակում վաղուց պլանավորված աշխատանքային այցով։ Նա հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։