24 հոկտեմբերի 2020 - 10:08 AMT
ՊԲ․ Գիշերը կայուն լարված էր, առավոտն ամենուրեք տեղային նշանակության մարտեր են

Հոկտեմբերի 24-ի առավոտվա դրությամբ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

Հոկտեմբերի 23-ի երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։