24 հոկտեմբերի 2020 - 11:01 AMT
ՀՀ ԱԳ նախարարն արդյունավետ է գնահատել վաշինգտոնյան հանդիպումները

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է գնահատել Վաշինգտոնի հանդիպմումները։ Այդ մասին նա ասել է Ատլանտյան խորհրդում ունեցած ելույթում։

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։

Մնացականյանն ասել է, որ բանակցություններում քննարկվում են շատ կարևոր և կոնկրետ նպատակներ՝ հրադադարի հաստատում, վերադարձ խաղաղ կարգավորմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մայք Պոմպեոյի, ինչպես նաև այլ գործընկերների հետ, ինչպես Պետդեպխից, այնպես էլ դրա շրջանակից դուրս, բոլոր բանակցություններում մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ խաղաղ կարգավորմանը։ ԱՄՆ ջանքերը շատ կարևոր են ԵԱՀԿ համանախագահների համատեղ աշխատանքի առումով»,-ասել է նա։

Նա կարևորել է այն հանգամանքը, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան միասնական մոտեցում ունեն ԼՂ հարցում։

«Սա հենց այն ձևաչափն է, որտեղ, անկախ այլ միջազգային հարցերում համանախագահների ունեցած տարաձայնություններից, զարմանալի միասնական մոտեցում կա»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում շատ լավ առաջընթացի մասին ու նշել, որ իրենք կօգնեն հայերին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։