24 հոկտեմբերի 2020 - 11:17 AMT
Ադրբեջանցի գերի. Ուղարկել էին Թալիշը գրավելու, գրեթե ոչ մեկին չէի ճանաչում` այլ լեզվով էին խոսում

Հայկական կողմում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Նուրադդին Յոլչիև Բախտիյարօղլուն Եվլախի շրջանի Մարչիլլի գյուղից է։ Նա պատմել է, թե ինչպես է գերեվարվել և ինչպես են իրեն վերաբերվում Հայաստանում։

Հոկտեմբերի 16-ին պարզ դարձավ, որ հայկական կողմի ձեռքում է Նուրադին Յոլչիևը, և հայ բժիշկները նրա կյանքը փրկել են։

«Մեզ ուղարկել են գրավելու Թալիշ գյուղը, ծանր մարտեր էին, փոխհրաձգության ժամանակ վիրավորվել եմ, ինձ հետ շատերն են վիրավորվել, ոտքս, ձեռքս չէի զգում, օգնություն եմ խնդրել զինվորներից ու հրամանատարներից»,- նշել է զինծառայողը` ավելացնելով, որ իրեն չեն հանել մարտի դաշտից։

«Համարյա ոչ մեկին չէի ճանաչում, մեր խմբի անդամների հիմնական մասն ազգությամբ ադրբեջանցիներ չէին, այլ լեզվով էին խոսում։ Մի օր մնացել եմ ձորում, որից հետո հայ զինվորները եկել ու տարել են ինձ իրենց տեղակայման վայրը, ապա շտապ օգնության մեքենայով բերել հիվանդանոց, որևէ ճնշում չի եղել, իմ նկատմամբ դրսևորվել է լավ վերաբերմունք։ Մոտ 20 օր է հիվանդանոցում եմ, առաջին օրերին ցավեր ունեի, հիմա բժիշկների շնորհիվ լավանում եմ։ Բժիշկները, անձնակազմը լավ են վերաբերվում»- պատմել է Բախտիյարօղլուն` նշելով, որ շատ գոհ է նաև սննդից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։