24 հոկտեմբերի 2020 - 11:51 AMT
ԱԱԾ․ Զերծ մնալ վարձավճարի դիմաց վիդեոներ անելու առաջարկներից

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ վարձավճարի դիմաց տեսաձայնագրություններ անելու և այլ առաջարկներին արձագանքելուց։

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ինչպես Upwork.com, Toptal.com, Freelancer.com, այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ ՀՀ և Արցախի առանձին տարածքներում, իբր զբոսաշրջության նպատակով, նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ:

Ավելին, նշված հարթակներում նույնիսկ հայտարարություններ են տեղադրվում նաև ՀՀ բջջային հեռախոսահամարների քարտեր և սոցիալական ցանցերի (հիմնականում՝ Facebook-ի) էջեր գնելու մասին:

ԱԱԾ-ն կոչ է անում չարձագանքել նման առաջարկների, որոնք արվում են կանխամտածված:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։