24 հոկտեմբերի 2020 - 12:06 AMT
Արցախի ՄԻՊ․ Կան անհետ կորած քաղաքացիներ, որոնք կարող են խոշտանգված և սպանված լինեն

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տեղեկություններով՝ կան անհետ կորած քաղաքացիական անձինք, և, հաշվի առնելով այն ձեռագիրը, որն ակնհայտ է բազմաթիվ ապացույցների հիման վրա, վտանգը մեծ է, որ այդ անձինք զոհվել են, ենթարկվել խոշտանգումների և այլ ռազմական հանցագործությունների։ Այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Ընդհանուր զոհվել է 37 քաղաքացիական, վիրավորվել` 118։ Նրանց թիվն արագ չի աճում, քանի որ արցախցիները հիմնականում չեն լքում ապաստարանները։

Նրա խոսքով՝ նախնական վերլուծությամբ՝ Արցախում ադրբեջանական զինուժի հարվածներից 10,500-ի մոտ մասնավոր սեփականություն է վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել, 1500-ից ավելի ենթակառուցված վնասվել է կամ ոչնչացվել, ավելի քան 1100 շարժական գույք վնասվել։

Նա միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական սոցցանցերում հայտնվող տեսանյութերին, որոնցում երևում են ժնևյան կոնվենցիայով սահմանված ռազմագերիների իրավունքների խախտումներ, դիակների խոշտանգումներ և այլ պատերազմական հանցագործություններ։

Բեգլարյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են կենսական նշանակության ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ, որպեսզի խորացնեն հումանիտար աղետը քաղաքացիական բնակչության շրջանում, մասնավորապես` փորձում են Արցախը և Հայաստանն իրար կապող Բերձորի ճանապարհը կրակի տակ պահել և հնարավորինս խաթարել հումանիտար մեծ նշանակություն ունեցող հաղորդակցությունը հայկական երկու պետության միջև։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։