24 հոկտեմբերի 2020 - 14:19 AMT
Կոնգրեսական Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։ Նա անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմին, որն ուղեկցվում է խաղաղ բնակչությանը, եկեղեցիները ռմբակոծելով և պատերազմական հանցագործություններով։

«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը։ Մենք չենք կարող պատմությանը թույլ տալ կրկնվել։ ԱՄՆ-ն, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակեցնեն, որ նրանք [Ադրբեջանը և Թուրքիան-խմբ․] չեն հաջողելու իրենց նպատակներում։ (Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ) Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան՝ եթե շարունակեն պատերազմը, հետևանքներ կլինեն, ԱՄՆ-ն անտարբեր չի մնա։ Ես կանգնած եմ Հայաստանի, կանգնած եմ Արցախի կողքին»,- գրել է նա։

Նախկինում նա ևս անդրադարձել էր այս թեմային՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է Ադրբեջանին և Թուրքիային հասկացնի, որ եթե նրանք շարունակեն բռնություն գործադրել, ապա պատրաստ է Արցախի Հանրապետությունն անկախ ճանաչել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. Getty Images