24 հոկտեմբերի 2020 - 13:47 AMT
Հայերի ճնշման տակ Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ $1 մլն-ի պայմանագիրը

2020-ի փետրվարին Անկարայի հետ $1 միլիոնի պայմանագիր կնքած Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը դադարեցրել է իր գրանցումը որպես ԱՄՆ-ում Թուրքիայի օտարերկրյա ներկայացուցիչ։

Ըստ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի՝ որոշումը հաջորդել է պաշտոնյաների, ամերիկահայ համայնքային կազմակերպությունների ճնշումներին։ Նշվում է, որ վերջին շաբաթում ընկերությունը պայմանագիրը դադարեցնելու պահանջով նամակներ է ստացել, այդ թվում` Լոս Անջելեսի քաղաքային խորհրդից, շրջանի ղեկավարներից, Կալիֆոռնիայի սենատորներից և այլ պաշտոնյաներից։

Mercury-ն երկար տարիների աշխատանքի փորձ ունի ոչ միայն Թուրքիայի կառավարության, այլև դրա բազմաթիվ լիազորների հետ։ Այն ծառայություններ է մատուցել թուրք-ամերիկյան բիզնես-խորհրդին (TAIK), որը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ Մեհմեդ Յալչինդաղը: Միայն անցյալ տարի ընկերությունը TAIK-ի անունից կապվել է Կոնգրեսի ավելի քան 150 գրասենյակի հետ՝ Էրդողանի փեսա, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի հետ հանդիպում կազմակերպելու համար։

Mercury Public Affairs-ն աշխատում է այնպիսի պատվիրատուների համար, ինչպիսիք են Microsoft-ը, American Airlines-ը և Starbucks-ը։

Ավելի վաղ ԱՄՆ-ում հայկական համայնքն արշավ էր սկսել՝ թիրախավորելով Բաքվի համար աշխատող լոբբիստական և PR ընկերություններին, որպեսզի նրանք հրաժարվեն Ադրբեջանի «արյունոտ փողերից»։ Արդյունքում ամերիկյան The Livingston Group լոբբիստական և DLA Piper իրավաբանական ընկերությունները խզել են կապերն Ադրբեջանի հետ։