24 հոկտեմբերի 2020 - 14:20 AMT
Մնացականյան․ Ադրբեջանն է ընտրել պատերազմը, մենք հրադադարին հավատարիմ էինք

Հայաստանը լիովին հավատարիմ է երկու՝ հոկտեմբերի 10-ին և 17-ին հայտարարված հրադադարին, սակայն ադրբեջանական կողմն ընտրել է պատերազմի տարբերակը, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Deutsche Welle-ին հարցազրույցում։

«Երկու հրադադարները խախտվել են համաձայնությունների ձեռքբերումից անմիջապես հետո, և ոչ շփման գծում, ոչ էլ այն ամբողջ տարածքում, որտեղ ընթանում է հակամարտությունը, անդորր չի հաստատվել: Մենք հանդես ենք եկել հայտարարությամբ, որում վերահաստատել ենք մեր լիակատար հանձնառությունը մեր կողմից ձեռք բերված և այդ երկու հայտարարությունում արտահայտված պայմանավորվածություններին»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ հայկական կողմը հրադադարներից հետո զսպվածություն է դրսևորել, բայց ռմբակոծությունները շարունակվել են, զանգվածային հարձակումը՝ ևս, բնակավայրերը շարունակաբար ԱԹՍ-ների հարվածի տակ են։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։