24 հոկտեմբերի 2020 - 15:28 AMT
ՊՆ․ Ադրբեջանցի գերուն վիրահատել են, վիճակը կայուն ծանր է

Հոկտեմբերի 23-ին հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանցի զինծառայող գերեվարվել էր հոկտեմբերի 23-ին հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում, երբ ոչնչացվել էր հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։