21 փետրվարի 2009 - 12:07 AMT
ANCA. Թուրքիան ու Սուդանը ագելակում են ցեղասպանությունների կասեցմանն ուղղված ջանքերը
Թուրքիայի ու Սուդանի մերձեցումը գնալով վտանգավոր է դառնում եւ արգելակում է Դարֆուրում ցեղասպանության կասեցմանն ուղղված ջանքերը: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ. «Վերջին երկու տարիներին Անկարայի ու Խարտումի համագործակցությունը զգալիորեն ամրապնդվել է: Թուրքիան զենք է վաճառում Սուդանին, դիվանագիտական մակարդակով սատարում է Խարտումի կառավարության կողմից ցեղասպանության ժխտմանը: Սուդանն, իր հերթին, օգտագործում է Թուրքիայի ձայնը ՄԱԿ-ի ԱԽ-ում ցեղասպանությունների ճանաչմանն ուղղված ջանքերն արգելափակելու համար»,-ասվում է ANCA-ի հայտարարության մեջ:

Սուդանի փոխնախագահ Ալի Օսման Մուհամմեդ Թահան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ հանդիպմանը խնդրել է Թուրքիային օգտագործել իր դիրքը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում` արգելափակելու համար ցեղասպանություն գործելու մեղադրանքով Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի ձերբակալության հնարավոր փորձերը:

Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն պաշտոնապես մեղադրել է Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին ցեղասպանության, ռազմական հանցագործությունների ու մարդկության դեմ ոճրագործությունների համար: Պետության ղեկավարը անձնական պատասխանատվություն է կրում վերջին 5 տարիներում Դարֆուրի տարածաշրջանում կատարվող դաժանությունների համար: Էթնիկ զտումների ընթացքում, ըստ ՄԱԿ-ի գնահատականների, Դարֆուրում շուրջ 300 հազար մարդ է զոհվել: